ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հենց Վրաստանն է «հարավային սանիտարական գոտու» առավել թույլ օղակը

Հենց Վրաստանն է  «հարավային սանիտարական գոտու»  առավել թույլ օղակը
22.02.2013 | 00:53

Ժամանակակից ամերիկյան վերլուծական ընկերակցությունն ունի մոտեցումներ, հայացքներ ու համապատասխան գաղափարախոսություններ, այսինքն` որոշակի ավանդույթներ: Վերջին մեկուկես տասնամյակում ամերիկյան քաղաքական վերլուծաբանությունը ձգտել է, անկախ քաղնախագծման ոլորտում առաջադրված խնդիրներից, մշակել Արևելյան Եվրոպայի ընդարձակ տարածաշրջանի վերաբերյալ ունեցած հիմնական պատկերացումները: Կանգ առնենք ամերիկյան քաղաքագետ Պոլ Գոբլի հայացքների վրա:
Պոլ Գոբլը մեծ ուշադրություն է նվիրում Հարավային Կովկասի և մասնավորապես ղարաբաղյան հարցին, որի շնորհիվ ճանաչում է գտել տարածաշրջանում: Նրա կարծիքով, ինքը մեծ սխալ է գործել պետական սահմանների փոփոխության իր նախկին առաջարկություններում: Սխալն այն էր, որ ինքը չի հասկացել, թե Հայաստանի համար հոգեբանական (և ոչ միայն) ինչ նշանակություն ունի Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը: Բացի այդ, ինքը չի հասկացել, որ հայերը չեն կարող համաձայնել ԼՂՀ Մարտակերտի շրջանը Ադրբեջանին հանձնելուն, քանի որ այդ շրջանում հայ ժողովրդի կրոնական ու պատմական սրբավայրեր կան: Հիմա ինքն այլ հեռանկար է տեսնում` կապված այն բանի հետ, որ հայերը նոր կարևոր փաստարկներ ունեն ադրբեջանցիների հետ քաղաքական սակարկության համար. նկատի է առնվում այն տարածքները, որոնք հայերը ձեռք են բերել պատերազմական գործողությունների արդյունքում: Միաժամանակ Պ. Գոբլը պնդում է, որ Ռուսաստանն ու Իրանն ամենևին շահագրգռված չեն նման ծրագրի իրականացմամբ:
Փորձագետը նշում է, որ ինքը տեղեկություն ունի, որ ներկայումս Ադրբեջանի ու Հայաստանի միջև շատ հետաքրքրական բանակցություններ են ընթանում հենց այդ ուղղությամբ: Նա համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել միայն տարածքների փոխանակման և պետական սահմանների փոփոխման սկզբունքով: Նրա կարծիքով, ԱՄՆ-ը պետք է ճիշտ գնահատի այդ պարագայում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները, հասկանալու համար, թե այդ սկզբունքի կիրառումը ռազմավարական առումով որքան է ձեռնտու: Նկատի ունենալով, որ ԱՊՀ պետությունների միջև սահմաններն ստեղծվել են բոլշևիկյան վարչակարգի աշխարհաքաղաքական շահերին համապատասխան, ԱՊՀ տարածքում ԱՄՆ-ի ծրագրերի համար խիստ շահավետ է պետսահմանների փոփոխման սկզբունքի կիրառումը, քան դրանց անվերապահ պահպանման սկզբունքի պաշտպանությունը: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ երկարատև քաղաքական լարվածության ու բախումների դեպքում սահմանների փոփոխությունը շատ ավելի էժան միջոցառում է, քան դրանց պահպանումը:
Պ. Գոբլը լիովին հաստատում է այլ փորձագետների այն պնդումները, որ ղարաբաղյան հակամարտությունում ամերիկացիները տեսնում են երկու ճանապարհ` քաղաքական և ռազմավարական, որոնք համապատասխանաբար կապված են ԼՂՀ-ի քաղաքական կարգավիճակի ճանաչման և հաղորդուղիների բացման հետ: Քաղաքագետի խոստովանությամբ, ամերիկացիները հասկացել են, որ մտնելով հակամարտության քաղաքական կարգավորման ապարդյուն գործընթացի մեջ, իրենք կորցնում են թանկ ժամանակը և, փաստորեն, ջուր են լցնում տեղի կոռումպացված վերնախավերի և Ռուսաստանի ջրաղացին: Ամերիկացիները որոշում են ընդունել զբաղվել միայն ռազմավարական հարցերով, ինչը նրանց համար առաջին հերթին հաղորդուղիների ապաշրջափակում է նշանակում: ԱՄՆ-ը պատրաստ է այդ նպատակի համար շատ խոշոր ֆինանսական ներարկումներ կատարելու տարածաշրջանում: ՈՒստի, չնայած Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմաքաղաքական սերտ համագործակցությանը, ԱՄՆ-ը զգալի օգնություն է ցուցաբերել Հայաստանին, և ԱՄՆ-ի առավել լուրջ վերլուծաբանները երբեք կասկածի տակ չեն առել այդ օգնության նպատակահարմարությունը: Միաժամանակ, դեմոկրատական կուսակցության քաղաքականության հունով ընթացող ամերիկյան վերլուծաբանները համամիտ չեն, թե օգնության տրամադրումը Հայաստանին որևէ քաղաքական արդյունք կտա այն պարագայում, երբ հենց Հայաստանն է «շրջափակում» Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունների կարգավորման շատ նախաձեռնություններ: Նրանք նաև հաճախ քննադատում են ԱՄՆ-ի հայկական հասարակական կազմակերպությունների ու հայկական լոբբիի գործունեությունը: Իհարկե, դրանում զգացվում է ԱՄՆ-ում թուրք-հրեական լոբբիի գործունեության ազդեցությունը:
Հետաքրքրություն է ներկայացնում Պ. Գոբլի կարծիքը, որն աչքի է ընկնում դատողությունների ու դիրքորոշումների ինքնատիպությամբ, հատկապես Հարավային Կովկասի առնչությամբ: Նրա կանխատեսումներն առանձնանում են մեծ անսպասելիությամբ, միշտ առաջ են բերում կտրական առարկություններ, բայց և շատ արժեքավոր նյութ են ամերիկյան քաղաքական քարոզչության կարևոր ուղղությունը վերլուծելու համար:
Պ. Գոբլի կարծիքով, Վրաստանը կանգնած է առաջիկայում քաղաքական անկախության կորստյան վտանգի առջև, որին կհետևի Ռուսաստանի հետ պայմանագրերի կնքումը, ինչը կնշանակի երկրի վերադարձ Ռուսաստանի քաղաքական վերահսկողության ոլորտ: Ընդ որում, հայտարարվում է ոչ թե ինչ-որ քաղաքական վերահսկողության, այլ հենց անկախության կորստյան մասին: Պ. Գոբլը դա բացատրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքով Վրաստանի տնտեսական ուղու և արտքաղաքական կողմնորոշման անհեռանկարայնությամբ: Հնարավոր է, որ սա քաղաքական հնարք լինի` կապված ԱՄՆ-ի ներկա դեմոկրատական կառավարությանը խիստ քննադատելու արմատական հանրապետական Պ. Գոբլի ձգտման հետ: Սակայն նա շատ խոշոր քաղաքագետ է և թանկ է գնահատում իր հեղինակությունը, ինչը բացառում է անհիմն արտահայտությունները: Նա կարող է խոստովանել իր սխալները, բայց այդ սխալները միայն մանրուքներին կարող են առնչվել: Պ. Գոբլը իր հայտարարություններն անում է նյութի խորաքնին հետազոտությունից հետո և դրա համար օգտագործում է ամենաարդիական տեխնոլոգիաները: Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացման` Պ. Գոբլի առաջարկած սխեմայի համաձայն, Ռուսաստանը Վրաստանում կկազմակերպի մի շարք քաղաքական ելույթներ, ինչը կհանգեցնի վարչակազմի հեռացմանը կամ փոփոխմանը, դրան կհետևեն ԱՄՆ-ի անհեթեթ գործողությունները, որոնք հայտարարություններից այն կողմ չեն անցնի: Վրաստանը Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր, ինչը կենթադրի անկախության կորուստ և արտաքին քաղաքականության լիակատար շրջադարձ: Դա կդառնա այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության լիակատար ձախողման սկիզբը, որը կլինի դեմոկրատների կառավարության արտաքին քաղաքականության տրամաբանական հետևանքը: Պ. Գոբլի պնդմամբ, Վրաստանն ավելի մեծ կախման մեջ կընկնի Ռուսաստանից, քան Հայաստանը կամ Տաջիկստանը: Նա կարծում է, որ հենց Վրաստանն է «հարավային սանիտարական գոտու» առավել թույլ օղակը, որը Արևմուտքն ու Հարավը պաշտպանում է Ռուսաստանից, և Ռուսաստանի կողմից ԱՊՀ-ում կորսված դիրքերի վերադարձը կսկսվի Վրաստանից:
Պ. Գոբլի կարծիքով, Հարավային Կովկասի, առանց բացառության, բոլոր առաջատար հաղորդակցական նախագծերը կարելի է աշխարհաքաղաքական իմաստով սպառված համարել ամերիկյան քաղաքականության լիակատար ձախողման և տարածաշրջանը Ռուսաստանի վերահսկողության տակ վերադառնալու պատճառով: Նրա ասելով, պարզապես հիմարություն է քննության առնել այդ նախագծերի տնտեսական կողմը, եթե կարևորագույն գործոնները անվտանգության պայմաններն ու աշխարհաքաղաքական նպատակահարմարությունն են:
Լինելով քաղաքագետ և աշխարհաքաղաքական գործիչ, Պոլ Գոբլը շատ հետաքրքիր փաստարկներ է բերում ՆԱՏՕ-ին այդ պետությունների անդամակցության խնդրի առնչությամբ: Նա համարում է, որ նախ և առաջ Մ. Սաակաշվիլու, Ի. Ալիևի և Վրաստանի ու Ադրբեջանի քաղգործիչների շատ հայտարարություններ ու արտահայտություններ պետք է ընկալվեն իբրև ներքին ու արտաքին քաղաքական պայքարի հնարքներ: ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը գայթակղիչ է տնտեսական կարիքի մեջ գտնվող և զգալի չափով քաղաքականապես ապակողմնորոշված բնակչության լայն խավերի համար: Մ. Սաակաշվիլին ակտիվորեն օգտագործում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հույսերը` իր ներքաղաքական խնդիրների լուծման համար: Ինչ վերաբերում է Ի. Ալիևին, ապա նա բառացիորեն ձգտում է շանտաժել և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, և՛ Հայաստանին և՛, անգամ, Արևմուտքին: Եթե ամերիկացի քաղաքագետը ճիշտ է, ապա վաղ թե ուշ դա կավարտվի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար լուրջ տհաճություններով, քանի որ այդ ռազմաշունչ փսիխոզի սաստկացումը կհանգեցնի զինված հակամարտության հնարավոր վերսկսման, ինչը Ռուսաստանի կողմից կօգտագործվի քարոզչական և ուղղակի ռազմաքաղաքական նպատակներով: Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքը չի կարող նպաստել ո՛չ դիմակայության մեղմացմանը, ո՛չ խաղաղ գոյակցության ամրապնդմանը:
Հարկ է նշել, որ Պ. Գոբլը պատկանում է հանրապետական ուղղության ամերիկյան ավանդականության այն գաղափարախոսների թվին, որոնք աջ քաղաքական դիրքորոշում ունեն և արտաքին քաղաքականության մեջ ամերիկյան ազգային շահերի գերակայություններն են քարոզում, որոնք ենթադրում են տնտեսական շահերի գերակայություն և պաշտպանում արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքների ու ազատությունների առաջնայնության սկզբունքները: Պ. Գոբլը միջպետական և ազգային-քաղաքական հակամարտությունների կարգավորման գործում պաշտպանում է արևմտյան աշխարհի համար ոչ ավանդական մոտեցումներ, ինչը ենթադրում է հրաժարում պետական սահմանների անձեռնմխելիության սկզբունքից: Նրա կարծիքով, ԱՄՆ-ի համար շատ ավելի նախընտրելի է պետական սահմանների փոփոխման արբիտրաժային մեթոդների մշակումն ու կիրառումը, հաշվի առնելով ազգային և տնտեսական գործոնները, քանի որ, ինչպես նա է ասում, ամեն գնով պետական սահմանների պահպանման «մեռյալ» սկզբունքին հետևելու ՆԱՏՕ-ի քաղաքականությունն ու այդ նպատակով ուժային եղանակների կիրառումը միանգամայն փակուղային քաղաքականություն են և անշեղորեն տանում են դեպի տարածաշրջանային և ավելի լայնածավալ հակամարտությունների բորբոքում: Բայց ոչ միայն Պ. Գոբլը, այլև մի ամբողջ շարք ամերիկյան քաղաքագետներ, կուսակցական տարբեր ուղղության քաղգործիչներ համամիտ են, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը, հատկապես կովկասյան ուղղությամբ, կհանգեցնի այն բանին, որ դաշնախմբի պետությունները ստիպված լինեն անընդհատ մասնակցելու տարածաշրջանային հակամարտություններին: Նրանց կարծիքով, այդ լուծումը սկզբունքորեն անհնար կլինի, և պետք է մշակել ԱՄՆ-ի համար կարևոր այդ տարածաշրջաններում կայունության և անվտանգության ապահովման միանգամայն այլ եղանակներ:
Դրա հետ մեկտեղ, Պ. Գոբլն ընդունում է Հարավային Կովկասի, ՈՒկրաինայի ու Կենտրոնական Ասիայի աշխարհառազմավարական բացառիկությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար, և ամերիկացիներն արդեն այժմ նպատակամետ գործունեություն են իրականացնում այդ տարածաշրջանների երկրների հետ «հեռակա ռազմաքաղաքական գործընկերության» ուղղությամբ: Նրա գնահատականների համաձայն, ԱՄՆ-ն այդ պետությունների, նախ և առաջ ՈՒկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ իրականացնում է ռազմական համագործակցության այլընտրանքային նախագծեր: Պ. Գոբլը կարծում է, որ այնքան էլ կարևոր չէ, թե ինչ ծավալի ռազմատեխնիկական և կազմակերպական օգնություն է ցուցաբերվում այդ երկրներին և ինչ կարգով: Գլխավորն այն է, որ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել այդ երեք երկրների հետ ռազմական համագործակցության նախագծի, հնարավոր է նաև մի ամբողջ շարք նախագծերի իրականացմանը: Ներկայումս կան ՆԱՏՕ-ի կառույցներից ու ծրագրերից դուրս Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետևողական մեծացման կարևոր նախագծեր: Այդ խնդիրներն այնքան էլ ծավալուն չեն, բայց կրում են խստիվ նպատակամիտված գործառական բնույթ, ինչը կարող է շատ արդյունավետ դառնալ էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու համար:
Խորհրդային համակարգի փլուզումից անմիջապես հետո ամերիկացի փորձառու «սովետագետները» պետական կառույցների արտքաղաքական նախագծման համակարգի բացահայտ առաջատարներ չդարձան, թեև նրանցից ոմանք շարունակում էին կարևոր դիրքեր գրավել վերլուծական աշխատանքներում և հանձնարարականների ու առաջարկությունների մշակման գործում: Ամերիկացի քաղաքագետների ու վերլուծաբանների նոր ալիքը նկատի ուներ, որ նախորդ շրջանի սովետագետներն այնքան էլ հավաստի չէին կանխատեսել խորհրդային համակարգի փլուզումն ու Եվրասիայի հետագա իրադարձությունները: Դրա հետ մեկտեղ, «հին դպրոցի» սովետագետներն ունեն մեծ փորձ և հիանալի ծանոթ են եվրասիական իրողության առանձնահատկություններին ու փաստական նյութին: Սովետագետների շատ գնահատականներ ժամանակի ընթացքում համոզիչ կերպով հաստատվել են, այդ թվում` Պոլ Գոբլի հայացքներն ու գնահատականները:
Նախկին խորհրդային տարածությունում խիստ հակասական իրադարձություններ են ծավալվում, և ԱՄՆ-ի վրա այդ իրադարձություններն ու միտումները նյութական ու քաղաքական բնույթի տարբեր ռեսուրսների շատ ավելի մեծ ծախսեր են նստել: Գլխավորը, ինչում անկասկած ճիշտ է Պ. Գոբլը, այն է, որ նախկին սահմաններն ամեն գնով պահելը շատ ավելի ծախսատար է, քան նոր միջպետական սահմանների ձևավորումը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ